Հավատքը զգացում չէ
Սովորել վստահել Աստծուն
Մեկ բաժակ սառը, զովացուցիչ ըմպելիք լցրի, մատիտս սրեցի և Աստվածաշունչը վերցրի, որպեսզի սկսեմ հանձնարարությունս։ Ավելի վաղ աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչս հանձնարարել էր ուսումնասիրել Հռոմեացիներին ուղղված նամակը և գրել այն ամենը, ինչ ասվում է հավատքի մասին։ Թվում էր, թե հեշտ առաջադրանք է և շատ ժամանակ չի զբաղեցնի։
Բայց ինձ անակնկալ էր սպասում։ Շուտով հայտնաբերեցի, որ հավատք բառը շատ անգամ է օգտագործվում այս ուղերձում, և ուսումնասիրությունս ավելի երկար կտևեր, քան կարծում էի։
Հավատքի սահմանումը
Կարդալով Հռոմեացիներին ուղղված նամակը՝ ես սկսեցի մտածել, որ հավատքն ամենակարևոր բանն է իմ կյանքում։ Այնուհետև հարց առաջացավ իմ մեջ. «Իսկ ո՞րն է հավատքի սահմանումը։ Ի՞նչ է այն»։
Ես մտքով ութ տարի հետ գնացի, երբ առաջին անգամ միացա «Campus Crusade for Christ» քրիստոնեական կազմակերպությանը։ Այդ ժամանակ ես խորությամբ չէի հասկանում հավատքի կյանքը։ Թեպետ տարիների ընթացքում շատ բան էի սովորել հավատքի մասին, միևնույն է, չէի կարողանում սահմանել այն։
Գիտեի, որ Աստվածաշունչը բազմաթիվ տեղեր խոսում է հավատքի մասին։ Օրինակ՝ «Արդարը հավատքով կապրի»1 կամ՝ «Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատքը»։2 Այդ ամենով հանդերձ, ես չէի կարողանում պարզ բառերով շարադրել, թե ինչ է հավատքը։ Այդպես էլ չկարողացա սահմանել։ «Ինձ համար հավատքը ___________________»։
Ես սկսեցի աղոթել. «Տե՛ր, ո՞րն է հավատքի սահմանումը»։
Մի պատմություն հիշեցի Սուրբ Գրքից, որտեղ Հիսուսը մեկի մասին ասում էր. «Անգամ Իսրայելում այսպիսի մեծ հավատք չգտա»։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ «մեծ հավատք» ասելով։
Ես արագ աչքի անցկացրի Ղուկասի ավետարանի 7-րդ գլխում նկարագրված պատմությունը։ Հարյուրապետը հավատում էր, որ Հիսուսը կարող է բժշկել իր հավատարիմ և վստահելի ծառային, որը մահամերձ էր։ Հարյուրապետն ասաց Հիսուսին. «Խոսքով ասա, եւ ծառաս կբժշկվի»։3 Հարյուրապետն անձնական օրինակով ցույց տվեց, որ հասկանում է Խոսքի ազդեցության կարևորությունը։
Ի պատասխան հարյուրապետի խոսքի՝ Հիսուսը դարձավ իր հետևից գնացող ժողովրդին և ասաց. «Ասում եմ ձեզ, թե Իսրայէլի մեջ անգամ այսպիսի հավատք չգտա»4։ Հիսուսն ուզում էր բացատրել, որ մեծ հավատքը պարզապես Նրա Խոսքին վստահելն ու հնազանդվելն է։
«Կարո՞ղ ենք արդյոք այս սահմանումը հաստատել մեկ այլ սուրբգրային խոսքով»,- մտածեցի ես։ Քանի որ Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլուխը համարվում է «հավատքի գլուխ», անդրադարձա այդ հատվածին։
Հնազանդվել Աստծո Խոսքին
Մի քանի անգամ կարդալով այն բոլոր տողերը, որտեղ ընդգծվում է «հավատքով» բառը՝ ես նկատեցի, որ նշված բոլոր մարդիկ մեկ ընդհանուր բան ունեին։ Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը նշում է մարդկանց, որոնք պարզապես լսել էին Աստծո Խոսքը և հնազանդվել Նրա պատվիրանին։ Նրանք հիշվեցին իրենց հավատքի շնորհիվ։
Օրինակ՝ Աստված պատվիրեց Նոյին տապան կառուցել, քանի որ երկրի վրա ջրհեղեղ էր բերելու։ Նոյը հնազանդվեց Աստծո Խոսքին և կառուցեց այն։5
Աստված պատվիրեց Աբրահամին թողնել իր հայրենի երկիրը և գնալ այն երկիրը, որ պիտի ժառանգեր։ Աբրահամը հնազանդվեց Աստծո Խոսքին, թողեց իր երկիրը և գնաց։6
Աստված ասաց, որ Սառան որդի կունենա, թեև նա արդեն ծերության հասակում էր։ Կարդում ենք. «Հավատարիմ է նա, որ խոստացավ»։7 Նա հնազանդվեց Աստծո խոսքին։
Եբրայեցիներին 11-րդ գլխում նշված բոլոր մարդիկ հավատացին Աստծուն և ընտրեցին հնազանդվել Նրա խոսքին՝ չնայելով հանգամանքներին, մարդկային տրամաբանությանը և բանականությանը։
Սկսեցի մտածել. «Եթե Ղուկաս 7 և Եբրայեցիների 11 գլուխները խոսում են մեծ հավատքի մասին, կա՞ արդյոք հատված, որտեղ խոսվում է թույլ հավատքի մասին»։
Մտաբերեցի Մարկոսի ավետարանի 4-րդ գլխում նկարագրված դեպքը։ Հիսուսը ողջ օրը քարոզել և ուսուցանել էր Գալիլայի ծովի ափին։ Նա հրահանգել էր աշակերտներին գնալ ծովի մյուս ափը։ Սկզբում նրանք հնազանդվեցին Հիսուսի խոսքին, նստեցին նավակը և ուղևորվեցին մյուս ափը։ Բայց, երբ փոթորիկը բարձրացավ, նրանք վախեցան և հուսահատվեցին։ Նրանք սկսեցին կասկածել, թե արդյոք կհասնե՞ն մյուս ափը։ Հիսուսը հարցրեց. «Ինչպե՞ս հավատք չունեք»։8 Այլ կերպ ասած՝ «Ինչո՞ւ չեք հավատում Իմ Խոսքին»։
Ինձ միշտ դուր է եկել Մարկոս 5-րդ գլխի առաջին խոսքը՝ «Եկան ծովի մյուս ափը»։ Հիսուսի Խոսքը ճշմարիտ էր։
Իմ ուսումնասիրությունների և մտորումների արդյունքում ես կարող եմ պարզ կերպով սահմանել հավատքը։ «Հավատքը Աստծո Խոսքին հնազանդվելն է»։ Ես վստահ չէի, թե երբևէ կարող եմ կատարել առաջադրանքս և ներկայացնել ուղերձի ողջ պատգամը հավատքի մասին, բայց մի բան հաստատ էր՝ ես շատ կարևոր բան բացահայտեցի, որն օգտակար եղավ իմ հավատքի կյանքի համար։
Ի՞նչ է Աստված ասում Իր Խոսքի մասին
Եվս մեկ հարց պտտվում էր մտքումս։ Եթե հավատքն Աստծո Խոսքին հնազանդվելն է, ապա ի՞նչ է ասում Աստված Իր Խոսքի մասին։ Պատասխանը գտա հենց Աստվածաշնչում։
«Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։99
«Տիրոջ Խոսքը մնում է հավիտյան»։10
«Խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո Խոսքը կմնա հավիտյան»։11
Այս խոսքերը փաստում են, որ կյանքում ամեն բան անցողիկ է, իսկ Աստծո խոսքը հավիտենական է։ Նրա ճշմարտությունը երբեք չի փոխվում։ Այս խոսքերը սերտելուց հետո ես սկսեցի հասկանալ, թե ինչպես կարող է հավատքն անդրադառնալ իմ հետագա կյանքի վրա։
Օրինակ՝ ես շատ զգացմունքային եմ։ Երբ շատ ուրախ եմ լինում, մտածում եմ, որ այլևս երբեք չեմ տխրի։ Իսկ տխրության պահերին մտածում եմ, թե այլևս երբեք չեմ ուրախանա։ Լինում են նաև ժամանակներ, երբ կարծես ոչինչ չեմ զգում։
Թեպետ իմ զգացմունքները փոփոխական են, բայց Աստծո Խոսքը
- ճշմարիտ է ու վեր իմ զգացմունքներից,
- ճշմարիտ է ու վեր իմ փորձառությունից,
- ճշմարիտ է ու վեր իմ հանգամանքներից,
- ճշմարիտ է ու վեր ամեն ինչից։
Ինչո՞ւ։ Որովհետև երկինք ու երկիր կանցնեն, բայց Աստծո Խոսքը կմնա հավիտյան։ Նշանակում է, որ անկախ իմ զգացմունքներից և փորձառությունից ես կարող են ընտրել և որոշում կայացնել՝ կառչել Աստծո Խոսքից՝ որպես անփոփոխ իրականություն։
Այդ տնային առաջադրանքը կատարելը շրջադարձային փուլ էր իմ կյանքում։ Այդ պահից ի վեր հարյուրավոր անգամներ, երբ հանգամանքներն ու զգացմունքներն ավելի իրական են թվացել, քան կյանքը, ես ընտրել եմ հավատալ Աստծո Խոսքին, որը ճշմարիտ է և վեր ամեն ինչից։ Ես ընտրել եմ հավատքով քայլել։
Այդ ընտրությունը երբեմն դժվար է եղել։
Ի՞նչ դեր են խաղում զգացմունքները
Պահեր են եղել, որ ես չեմ զգացել Աստծո սերը։ Ես ընտրում էի ապրել այդ զգացմունքով, որն ինձ տանում էր ինքնախղճահարության։ Երբեմն էլ ասում էի. «Տե՛ր, ես ինձ սիրված չեմ զգում»։ Ահա ողջ ճշմարտությունը։ Ահա թե ինչ եմ ես զգում այս պահին։ Տե՛ր, Քո Խոսքն ասում է, որ Դու սիրում ես ինձ։ Ավելին՝ Դու հավիտենական սիրով ես սիրում ինձ։12 Քո սերը հավերժ է։ Քո սերը վեր է ամեն տեսակ սիրուց։13 Քո Խոսքն ասում է, որ Դու խտրականություն չես դնում։ Նշանակում է՝ չկա աշխարհում որևէ մեկը, ում ինձանից շատ ես սիրում։ Տե՛ր, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ։14 Քո Խոսքը վեր է իմ զգացմունքներից»։
Այսպիսի արձագանքը մեր զգացմունքներին օգնում է անկեղծ լինել Աստծո հետ և ընտրել՝ հավատալ Աստծո Խոսքին, երբ զգացմունքները հակասում են Նրա խոստումներին։
Եղել են պահեր, երբ վախեր եմ ունեցել կամ էլ ընկճվել եմ։ Իմ սիրտը բառացիորեն ցավ է ապրել կյանքի որոշակի հանգամանքների պատճառով։ Այդպիսի պահերը լուրջ մարտահրավեր են նետել իմ հավատքի վրա։ Բայց կասկածելու և սեփական կամքը կատարելու փոխարեն ես ընտրել եմ հավատալն Աստծո Խոսքին։ Հազարավոր անգամներ ես հենց այսպես եմ աղոթել. «Տե՛ր, Քո Խոսքն այսպես է ասում, բայց ես այսպես եմ զգում...»։
Հրաշալին այն է, որ Աստված ճիշտ ժամանակին և ճիշտ կերպով իմ զգացմունքները համապատասխանեցրել է Իր Խոսքին։
Մենք ստեղծված ենք որպես զգացմունքային արարածներ
Երբ փորձել եմ դատապարտել ինձ զգացմունքներիս համար, հիշել եմ, որ Աստված ստեղծել է ինձ Իր պատկերով և նմանությամբ։ Այդ նմանությունը ներառում է նաև մեր զգացմունքները։ Այո՛, մենք զգացմունքային արարածներ են։ Զգացմունքներ ունենալը սխալ չէ։ Նույնիսկ Քրիստոսը զգացմունքներ ուներ։ Նա չէր փորձում «ազատվել զգացմունքներից»։ Նա չէր թաքցնում իր զգացմունքները։ Փոխարենը՝ Նա բացում էր սիրտը Հոր առաջ։ Նա ազնիվ էր, իրական և անկեղծ։ Աստվածաշունչն ասում է, որ Գեթսեմանի պարտեզում իր խաչելության նախորդ օրը Հիսուսը խիստ տրտմած էր, անհանգիստ և տառապում էր։15 Հիսուսը խոստովանեց իր զգացմունքները և վստահեց Հորը՝ չնայելով իր զգացմունքներին։
Մենք ազատություն և արտոնություն ունենք՝ մեր զգացմունքները, ապրումներն ու իրավիճակներն ազնվորեն Աստծուն ներկայացնելու։
Մեր արձագանքը
Աստվածաշունչը խոստանում է, որ «… Աստծուն սիրողների համար ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանելով կանչուած են»։16 Մեզնից ոմանք միգուցե այսպես են աղոթել. «Տե՛ր, խնդրում եմ, նմանեցրու ինձ Քեզ։ Խնդրում եմ, ինձ Քրիստոսի պատկերին կերպարանակից դարձրու»։ Բայց, իրականում, մենք ուզում ենք, որ Աստված մեզ «անզգայացուցիչ ներարկի», որպեսզի մենք չզգանք Քրիստոսին կերպարանակից դառնալու «սրտի վիրահատությունը»։ Մենք ուզում ենք արթնանալ միայն վիրահատությունից հետո։ Մենք ուզում ենք տեսնել արդյունքը՝ առանց ցավոտ ընթացքին մասնակցելու։
Այնինչ Աստված այսպես չի գործում։ Տերը մտահոգված է այն ամենով, ինչով անցնում ենք։ Իրականում, Նրան ավելի շատ հետաքրքրում է մեր արձագանքը հենց ցավի միջով անցնելիս։ Մենք ենք որոշում ինչպես արձագանքել։ Նա թույլ է տալիս, որ գան փորձություններ, գայթակղություններ և ճնշումներ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ընտրել՝ վստահել մեր զգացմունքներին ու փորձառությա՞նը, թե՞ Նրա Խոսքին։
Աստծուն վստահելը դարձել է իմ սովորությունը։ Այո՛, այժմ այն սովորություն է։ Ես և դու կարող ենք ապրել մեր կյանքը՝ թույլ տալով մեր զգացմունքներին, մտքերին և հանգամանքներին կառավարել մեզ, կամ կարող ենք սովորել հնազանդվել ու վստահել Նրա Խոսքին՝ չնայելով զգացմունքներին կամ փորձառությանը։ Մենք պետք է գիտակցաբար ընտրենք հավատալ Նրա խոսքին, որը ճշմարիտ է և վեր մեր բոլոր զգացմունքներից։
Ես ուխտ եմ արել ողջ կյանքում ապավինել Աստծո Խոսքին, և Աստված պատվել է այդ ուխտը։ Թեպետ ժամանակներ են եղել, որ հեշտությամբ կարող էի խախտել իմ որոշումը, քանի որ իմ իրավիճակի դժվարությունից առավել ոչինչ չեմ կարողացել տեսնել։ Երբեմն իմ զգացմունքները 180 աստիճան հակառակ են եղել Աստծո Խոսքին։ Եվ ամեն անգամ ես տեսել ու վերապրել եմ Աստծո հավատարմությունն իր իսկ Խոսքին։
(1) Հռոմեացիներին 1.17, KJV (2) Ա Հովհաննու 5.4 (3) Ղուկաս 7.7 (4) Ղուկաս 7.9 (5) Եբրայեցիներին 11.7 (6) Եբրայեցիներին 11.8 (7) Եբրայեցիներին 11.11 (8) Մարկոս 4.40 (9) Մատթեոս 24.35 (10) Ա Պետրոս 1.25 (11) Եսայի 40.8 (12) Երեմիա 31.3 (13) Ա Կորնթացիներին 13 (14) Գործք 10.34 (15) Մատթեոս 26.37-38, Մարկոս 14.33; Ղուկաս 22.44 (16) Հռոմեացիներին 8.28-29
Այս հոդվածը վերցված է Նեյ Բեյլի «Հավատքը զգացմունք չէ» գրքից։ Հեղինակային իրավունք ©2002։ Տպագրված է «WaterBrook Press»-ի կողմից։ Օգտագործված է հեղինակի թույլտվությամբ։