Հավատքի էությունը
Մենք ամեն օր դրսևորում ենք մեր հավատքը։ Մեր ունեցած արժեքների 99 տոկոսը հիմնված է հավատքի վրա։ Հավատքը ողջ կյանքի առանցքն է։ Օրինակ՝ ենթադրենք, դու հիվանդանում ես։ Դու գնում ես բժշկի, որի անունն անգամ չգիտես և որի դիպլոմը չես տեսել։ Նա անընթեռնելի ձեռագրով դեղատոմս է գրում և տալիս քեզ։ Դու տանում ես այն դեղատուն, որի աշխատակցին երբեք չես հանդիպել։ Այդ աշխատակիցը տալիս է քեզ դեղերը, որի բաղադրությունը քեզ հասկանալի չէ։ Դու գնում ես տուն և ըստ տուփի վրա գրված հրահանգների՝ ընդունում նշանակված դեղերը։ Այս ամենը պարզ անվանում ունի՝ հավատք։ Հավատքը առանցքային նշանակություն ունի նաև քրիստոնեական կյանքում։ Հավատք բառն Աստվածաշնչում հանդիպում է 232 անգամ։
Ի՞նչ է հավատքը
Օգտակար կլինի նախ հասկանալ, թե ինչ չէ հավատքը։
- Հավատքը զգացմունք չէ, օրինակ՝ լավ զգացմունքներ ունենալ Աստծո հանդեպ։
- Հավատքը փակ աչքերով խավարի մեջ գնալը չէ՝ անկախ փաստերից։
- Հավատքը տիեզերական ուժ չէ, որը ձեռք բերելով, կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես (օրինակ՝ «Աստղային պատերազմներ»)։
Դժբախտաբար, այս գաղափարները սովորեցնում են անգամ որոշ եկեղեցիներում։
Հանկ Հանեգրաֆն իր «Քրիստոնեությունը ճգնաժամ է ապրում» գրքում պատմում է Լարիի և Լակիի պատմությունը։ Նրանց որդին շաքարային դիաբետիկ էր։ Մի օր նրանք դադարեցին ինսուլին ներարկել իրենց որդուն, քանի որ նրանց ասել էին, որ եթե բավարար հավատք ունենան, իրենց որդին կբժշկվի։ Դժբախտաբար, նրանց որդին կոմայի մեջ ընկավ և մահացավ։ Թաղման արարողության փոխարեն նրանք կարծես «հարության» արարողություն էին կազմակերպել։ Նրանք հավատում էին, որ եթե բավարար հավատք ունենան, այսինքն՝ եթե ճիշտ խոսքեր հռչակեն և կասկածներ չունենան, հավատքի ուժը կկենդանացնի իրենց որդուն։ Ավելի ուշ Լարիին և Լակիին մեղադրեցին մարդասպանության և երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք սխալ պատկերացում ունեին հավատքի մասին։
Ավետարաններում կարդում ենք, որ անգամ աշակերտներն էին հաճախ շփոթվում հավատքին վերաբերող հարցերում։ Ինչևէ, նրանք հարցնում էին Հիսուսին և ճիշտ պատասխան ստանում։ Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում աշակերտները խնդրում են Հիսուսին ավելացնել իրենց հավատքը։ Ահա թե ինչ պատասխանեց նրանց Հիսուսը։
«Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կասեիք. «Պոկվի՛ր և ծովի մեջ տնկվի՛ր, և այն կհնազանդվեր ձեզ»»։ Հիսուսի պատասխանը հետաքրքիր էր։ Հետաքրքիրն այն էր, որ Հիսուսը չասաց այն, ինչ մենք հաճախ լսում ենք եկեղեցիներում։ Հիսուսը չասաց. «Ավելի շատ ջանք գործադրեք»։ Կամ էլ՝ «Պարզապես հավատացեք»։ Հիսուսը կարևոր ճշմարտություն է բացահայտում հավատքի էության մասին։ Մանանեխի հատը ամենափոքր սերմն է։ Հիսուսը ցանկանում էր նշել, որ հավատքի չափը չէ, որ կարևոր է։ Այլ՝ հավատքի զորությունը կախված է «օբյեկտի» հուսալիությունից։
Փորձենք մեկ այլ կերպ բացատրել։ Ենթադրենք, ես կանգնած եմ Ամերիկայի հյուսիս-արևելքում գտնվող լճի ափին ձմռան առաջին շաբաթը։ Լիճը սառած է։ Մակերեսին սառույցի բարակ շերտ է նկատվում։ Ունենալով հավատք և վստահություն՝ ես փորձում եմ կանգնել սառույցի վրա։ Թեպետ ես բացառիկ վստահություն և հավատք ունեմ, սառույցը կկոտրվի, և ես կհայտնվեմ ջրի մեջ։ Քանի դեռ սառույցը բարակ է, կարևոր չէ, թե որքան հավատք ունեմ։ Սառույցը հուսալի չէ։
Հիմա պատկերացնենք, որ մի քանի ամիս արդեն անցել է, և ձմեռվա ամենացուրտ ժամանակն է։ Սառույցի շերտը մի քանի ոտնաչափ հաստ է։ Ես կրկին փորձում եմ կանգնել դրա վրա։ Հաշվի առնելով իմ նախորդ անհաջող փորձը՝ ես շատ զգուշությամբ սկսում եմ քայլել սառույցի վրայով։ Ես չգիտեմ, թե արդյոք սառույցը կարող է դիմանալ իմ քաշին, չէ՞ որ մի անգամ արդեն կոտրվել է։ Թեև այս անգամ ես վախենում եմ և «քիչ հավատք» ունեմ, իմ երերուն քայլը շուտով կդառնա վստահ։ Ո՞րն է տարբերությունը։ Օբյեկտն ավելի հուսալի է։
Ճիշտ է, որ հավատքի զորությունը կախված է «օբյեկտի» հուսալիությունից։ Ինչևէ…
Որևէ բանի կամ մեկի հանդեպ հավատք ունենալու աստիճանը ուղիղ հարաբերական է դրա մասին ունեցած մեր գիտելիքին կամ ճանաչողությանը։
Եվս մեկ օրինակ բերենք։ Պատկերացրու մեկին, ով վախենում է թռիչքից։ Երբ նա առաջին անգամ ժամանում է օդանավակայան, նա ապահովագրական կտրոն է գնում՝ օգտվելով տերմինալից։ Թռիչքից քսան րոպե առաջ կապում է ամրագոտին և համակ ուշադրությամբ լսում անվտանգության և արտակարգ իրավիճակների հրահանգները։ Նա չի հավատում, որ օդանավը կարող է իրեն հասցնել իր ուզած տեղը։ Թռիչքի ընթացքում ուղևորը քիչ-քիչ փոխվում է։ Նա արձակում է ամրագոտին, սնվում է և որոշ ժամանակ անց անգամ զրույցի բռնվում և կատակում իր կողքին նստած ուղևորի հետ։ Ի՞նչ կատարվեց։ Մի՞թե 36,000 ոտնաչափ բարձրության վրա ավելի շատ հավատք է զարգանում։ Իհարկե, ո՛չ։ Որքան շատ տեղեկատվություն ունեցավ իր հավատքի օբյեկտի՝ օդանավի մասին, այնքան մեծացավ նրա հավատքը։
Նույնը կատարվում է քրիստոնյաների կյանքում։ Որքան ճանաչում ենք Աստծուն, այնքան մեծանում է մեր հավատքը Նրա նկատմամբ։ Սովորի՛ր ապրել Աստծո Խոսքով, ոչ թե զգացմունքներով։ Ժամանակ հատկացրու Աստծո Խոսքի ընթերցանությանը և սերտողությանը։ Խնդրի՛ր Աստծուն ճանաչողություն տալ քեզ։ Հրաշալի հատվածներ կան, որտեղից կարող ես սկսել։ 145, 146 և 147 սաղմոսները հրաշալի կերպով նկարագրում են Աստծուն։ Ողջ Աստվածաշունչն է պատմում Աստծո մասին։ Խնդրի՛ր Աստծուն բացահայտել քեզ Իր էությունը և օգնել քեզ վստահել Իրեն։ Ցանկացած իրավիճակում հարցրու Աստծուն. «Այս իրավիճակում ի՞նչ պետք է սովորեմ ես։ Ինչպե՞ս կարող եմ վստահել քեզ»։ Կարդա՛ Աստվածաշունչը, դարձի՛ր աշակերտ։ Նա ուզում է հարաբերություն ունենալ քեզ հետ։
Դ.Լ. Մուդին մի առիթով ասել է. «Ես ամեն օր աղոթում էի, որ Տերը ինձ հավատք տա։ Մի օր կարդացի Հռոմեացիներին 10.17 խոսքը, որը հստակ ասում է. «Հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո Խոսքից»։ Ուստի ես պարզապես սկսեցի շատ կարդալ, իսկ հավատքը աճեց իմ ներսում»։