Հակառակ կանգնել սատանայի ստերին
Հունվարի սկիզբն էր։ Նոր էի վերադարձել մի քանի համագումարներից, որոնց մասնակցում էի որպես խոսնակ։ Այդ օրը հուսահատ և ընկճված էի արթնացել։ Նման մտքեր էի ունենում. «Կյանքս անցել է։ Արդեն ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։ Ծառայությունս ևս ավարտվել է։ Աստված ինձ այլևս չի սիրում»։ Ինչո՞ւ պետք է նման մտքեր ունենայի։ Որտեղի՞ց էին գալիս դրանք։ Ինչպե՞ս կարող էի ազատվել այդ մտքերից։ Օրվա ավարտին արդեն լավ էի։ Տրամադրությունս բարձրացել էր։ Ես հույսով էի լցվել։ Ի՞նչը փոփոխություն բերեց իմ մտքերում։ Ահա թե ինչի մասին եմ ուզում կիսվել քեզ հետ, որպեսզի դու ևս կարողանաս հաղթանակ ունենալ վախերի, հուսահատությունների և հոգևոր պատերազմների ժամանակ։
Երբ նոր էի սկսել ծառայությունս, իմացա, որ մենք թշնամի ունենք։ Մենք չենք տեսնում նրան, բայց նա գոյություն ունի։ Ա Պետրոս 5.8 խոսքն ասում է. «Արթուն եղե՛ք, հսկե՛ք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս, թե որին կուլ տա։ Հակառակ կանգնեք՝ հավատքով հաստատված»։ Մենք կարող ենք դիմակայել նրան՝ հաստատուն կանգնելով և Աստծո Խոսքին հնազանդվելով։
Ո՞վ է սատանան
Ո՞վ է իրականում սատանան։ Աստվածաշունչը նրան կոչում է «չար»։ Նա Աստծո հակապատկերը չէ, քանի որ հավասար դիրքում չէ Աստծո հետ։ Մեր Աստված մրցակից չունի։ Սատանան պարզապես հրեշտակ է, որը Աստծո դատաստանի տակ է։ Սատանան փորձում է իշխանություն ունենալ քրիստոնյաների վրա, բայց Խոսքն ասում է. «Ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան նա, ով աշխարհի մեջ է» (Ա Հովհաննու 4.4)։
Սատանան փորձում է հուսալքել քրիստոնյաներին։ Նա գայթակղում է մեզ մեղանչել, փորձում է հետ պահել հավատքից։ Նա մեր հակառակորդն է։ Մենք նրան չենք տեսնում, բայց նա գոյություն ունի։ Հիսուսն անգամ աղոթեց Հորը և խնդրեց պահել մեզ չարից (Հովհաննու 17.15)։ Աստվածաշունչը սատանային կոչում է նաև մեղադրող, ստության հայր, հանցագործ, խաբեբա, թշնամի։ Պողոսն ասում է Եփեսացիներին. «Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիներին 6.12)։ Մենք պատերազմի մեջ ենք։ Բ Կորնթացիներին 2.11-ում Պողոսն ասում է, որ սատանայի խորհուրդներին անտեղյակ չէ։ Մենք ևս չենք կարող անտեղյակ լինել։ Մենք ևս վախենալու ոչինչ չունենք։ Ես քաջալերում եմ քեզ, որ չկենտրոնանաս խավարի վրա, թեպետ այն գոյություն ունի։ Փոխարենը, ճանաչի՛ր Քրիստոսով քո հաղթանակը, ճշմարտությունը և ապահովությունը։
Ինչպե՞ս է գործում սատանան։ Ի՞նչ է անում նա։ Սատանայի գործը մեզ խաբելն է՝ փորձելով սուտը ճշմարտանման ներկայացնել։ Սա խաբեություն է։
Աստվածաշունչը սատանային երեք կերպ է նկարագրում.
- փորձիչ (Մատթ. 4.3)
- եղբայրներին մեղադրող (Հայտ. 12.10)
- ստության հայր (Հովհաննու 8.44)
Պարոն Անդերսոնը մի հրաշալի դիտարկում է արել. «Եթե փորձեմ գայթակղել քեզ, դու կհասկանաս։ Եթե մեղադրեմ քեզ, դու կհասկանաս, բայց եթե խաբեմ քեզ, դու չես իմանա։ Սատանայի զորությունը սուտն է։ Եթե սուտը հեռացնես, ողջ զորությունը կչքանա»։
Դիմակայել սատանային
Ինչպե՞ս դիմակայել սատանայի ստերին։ Մենք պետք է նայենք Աստծո Խոսքին։ Երբ դու՝ որպես քրիստոնյա, քեզ թերարժեք զգաս այն պատճառով, որ չես աղոթել կամ կարդացել Նրա Խոսքը կամ սկսես մտածել, որ Աստված երես է թեքել քեզնից՝ ասելով. «Աստված հավանաբար հիասթափվել է ինձանից։ Նա կարծես հույսը կտրել է ինձանից»։ Իսկ ի՞նչ է ասում Աստված։ «Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպեցիներին 1.6) և «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես» (Հռոմեացիներին 8.1)։
Միգուցե մտածում ես, որ Աստված քեզ չի սիրում կամ եթե սիրեր, դու այդքան շատ խնդիրներ չէիր ունենա։ Դա կարող է ճշմարտանման թվալ, բայց տեսնենք, թե ինչ է ասում Աստծո Խոսքը։ «Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես Ես ձեզ սիրեցի» (Հովհաննու 15.9) կամ «Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այն՝ Նա սիրեց մեզ...» (Ա Հովհաննու 4.10) կամ «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, քանի որ Նրան էլ չճանաչեց» (Ա Հովհաննու 3.1)։
Կամ ենթադրենք, որ մեղք ես գործել, հուսահատվել ես, և սատանան էլ մեղադրում է քեզ ու ստիպում մտածել, որ Աստված չի ների քեզ։ Դա սուտ է։ Որտեղի՞ց գիտեմ։ Պատասխանն Աստծո Խոսքում է։ «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննու 1.9)։
Եվս մեկ օրինակ բերեմ։ Պատկերացրու, որ հավանել ես մեկին, ով քեզ ասում է. «Մենք կարող ենք սեռական հարաբերություն ունենալ։ Դա խնդիր չի լինի Աստծո համար, քանի որ մենք սիրում ենք իրար»։ Իսկ ի՞նչ է ասում Աստծո Խոսքը։ «Ամուսնությունն ամեն կողմից պատվական է, և անկողինը՝ սուրբ...» (Եբրայեցիներին 13.4)։ «Որովհետև սա է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը, որ դուք հետ մնաք պոռնկությունից, այլ՝ ձեզանից ամեն մեկն իմանա իր անոթը պահել սրբությամբ և պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսներն են, որ Աստծուն չգիտեն» (Ա Թեսաղոնիկեցիներին 4.3-5)։
Մենք իրավունք չունենք թույլ տալու մեր զգացմունքներին, մտքերին կամ սատանային թելադրել մեզ։ Աստծո Խոսքը ճշմարիտ է և վեր մեր զգացմունքներից ու անգամ իրականությունից։ Սատանան փորձում է մթագնել մեր միտքը, ստիպել մեզ մտածել, որ Աստված հեռանում է մեզանից։ Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված է ստեղծել մեզ և սիրել այնքան, որ անգամ մահացել է մեզ համար։ Սատանայի ստերին պետք է դիմակայել Խոսքի ճշմարտությամբ։
Դու պետք է իմանաս Նրա Խոսքը, որպեսզի կարողանաս ազատ լինել։ Մենք պետք է հակառակ կանգնենք սատանային և հաստատակամ լինենք հավատքի մեջ (Ա Պետրոս 5.9)։ Հավատքը զգացմունք չէ։ Հավատքը ընտրություն է. ընտրություն՝ հնազանդվելու Նրա Խոսքին։ Հոգևոր պատերազմում հաղթանակ տանելու համար պետք է մեր մտքերը, զգացմունքները և գայթակղությունները քննենք Աստծո Խոսքի լույսի ներքո և ինքներս մեզ հարցնենք. «Իսկ ի՞նչ է ասում Աստված այս իրավիճակի համար»։ Հովհաննու 17-րդ գլխում Հիսուսն աղոթում է Հորը և խնդրում պաշտպանել աշակերտներին չարից, որից անմիջապես հետո ասում է. «...նրանց սուրբ արա Քո ճշմարտությունով, Քո Խոսքը ճշմարտություն է» (Հովհաննու 17.17)։ Հիսուսն ասել է նաև. «Ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննու 8.32)։
Շատ կարևոր է իմանալ, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Եփեսացիներին ուղղված նամակում Պողոսը գրում է. «Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչումի հույսը և ինչ է Նրա ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում և ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք, իր կարող զորության հաջողության պես (Եփեսացիներին 1.18,19)։ Աստված ապրում է մեր մեջ և զորացնում է մեզ։ Ուստի, երբ բացասական մտքեր են պաշարում մեր, Աստծո կամ ուրիշների մասին, ի՞նչ պետք է անենք։ Եփեսացիներին 6.16 խոսքը տալիս է պատասխանը. «Եվ ամենի վրա հավատքի վահանն առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել»։ Խոսքն ասում է, որ մենք կարող ենք չարի ուղարկած ԲՈԼՈՐ նետերը չեզոքացնել։ Դրանք այն բացասական մտքերն են, որ գալիս են անսպասելի, ինչպես կրակոտ նետերը։ Նկատեք, որ Խոսքն ասում է՝ «հավատքի վահանն առնել»։ Վահանը վերցնելը մեր անելիքն է։ Մենք չենք կարող պասիվ լինել հոգևոր պատերազմում։ Հակոբոս 4.7 խոսքն ասում է. «Հակառակ կանգնե՛ք սատանային, և նա կփախչի ձեզանից»։ Մենք պետք է հնազանդվենք Աստծո Խոսքին և կիրառենք այն։ Կրակոտ նետերը սովորաբար ուղղված են մեր մտքերին։
Երբևէ պատահե՞լ է, որ փորձությունն այնքան ուժեղ լինի, որ մտածես, թե ի վիճակի չես դիմակայել դրան։ Ահա մի հրաշալի խոսք, որը կարող ես հիշել նման իրավիճակներում։ «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից ավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիներին 10.13)։
Գերի բռնել մտքերը
Սատանան չի կարող կարդալ մեր մտքերը, բայց կարող է սերմեր ցանել մեր մտքում։ Բ Կորնթացիներին 10.5 խոսքն ասում է. «...գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։ Ինչպիսի՞ մտքերը պետք է գերի բռնել։ Այն մտքերը, որոնք հակասում են Աստծո Խոսքին։
Մտքերը դառնում են գործողություն, գործողությունները՝ սովորություն։ Ամեն ինչ սկսվում է մտքից։ Աստված ուզում է, որ մենք վստահենք Իր Խոսքին ավելի, քան մեր զգացմունքներին կամ երևույթներին ու իրավիճակներին։ Աստծո Խոսքը վեր է մեր մտքից։ Աստծո Խոսքը վեր է մեր զգացմունքներից։ Աստծո Խոսքը վեր է մեր իրավիճակներից։ Աստվածաշունչն ասում է. «Խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան» (Եսայի 40.8)։ Դավիթն ասում է իր սաղմոսներում. «Քո Խոսքը լույս է իմ ճանապարհին» (Սաղմոս 119.105)։
Հիսուսը մի առակ պատմեց լսելու և կատարելու կարևորության մասին։ «Եվ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից հեռու գնացեք, ո՛վ անօրենություն գործողներ։ Արդ, ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է և կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդու, որն իր տունը շինեց ժայռի վրա» (Մատթեոս 7.24,25)։ Հիսուսը շարունակում է. «Եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ կմնաք, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մէջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննու 15.10,11)։
Մենք կարող ենք դուրս գալ ցանկացած իրավիճակից, հաղթել ցանկացած մտքի և զգացմունքի՝ վազելով դեպի մեր Վեմը (Սաղմոս 18.46), Նրան, ով սիրում և առաջնորդում է մեզ դեպի ողջ ճշմարտությունը (Հովհաննու 16.13)։ Սատանան կփորձի գայթակղել, հուսահատեցնել, խաբել քեզ։ Նա ստախոս է, որի ստերին պետք է դիմակայել Աստծո Խոսքի ճշմարտությամբ։ Երբ Աստծո Խոսքի վահանն առնենք, հաղթանակած կլինենք Քրիստոսով։
«Օրհնյալ է Տերը՝ իմ Վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։ Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնական և փրկիչ, իմ պահապան, որին ես հուսացած եմ…» (Սաղմոս 144.1, 2)։
«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ, Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Մեծացրեք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք Նրա անունը։ Ես խնդրեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն ահ ու վախից ազատեց ինձ։ Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանելի է այն մարդը, որ հուսացած է Նրան։ Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենից փրկում է նրան» (Սաղմոս 34. 1,3,4,8,19)։
«Բարի է գոհանալ Տիրոջից և սաղմոս ասել Քո անվանը, ո՛վ Բարձրյալ, առավոտից պատմել քո ողորմությունը և գիշերը՝ քո ճշմարտությունը» (Սաղմոս 92.1,2)։
Հոդվածը վերցված է «Հավատքը զգացմունք չէ» գրքից։ Հեղինակ՝ Նեյ Բեյլի։ Օգտագործված է հեղինակի թույլտվությամբ։
Հավելյալ ընթերցանության նյութեր՝ «Կապանքներ կոտրողը», հեղինակ՝ Նեյլ Թ. Անդերսոն, «Հունձքի տուն» հրատարակչություն, «Հաղթանակ խավարի դեմ», հեղինակ՝ Նեյլ Թ. Անդերսոն, «Արքայության գրքեր» հրատարակչություն։